
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դրեք իմ խաղին:
Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:
Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքս, տեսեք, ո՞ւր է գնում,
Քաջ որսկանի գյուլլի պես: