
Բոլոր սիրահարների համար այսօր մեծ տոն է։ Սերն ամենուր է, քանի որ աշխարհի մի շարք երկրներում փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների տոնը։ Կարծիք կա, որ այս տոնը նշում են արդեն 16 դար, բայց սիրուն նվիրված տոները շատ հին ծագում ունեն եւ բնորոշ են անգամ հեթանոսական մշակույթին։ Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին անցկացնում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia եւ նվիրված էր Juno Februata սիրո աստվածուհուն։
Սուրբ Վալենտինի տոնն ունի իր «մեղավորը»՝ քրիստոնեական քահանա Վալենտինը։ 269թ-ին Հռոմի կայսրն էր Կալվդիոս II-ը։ Երկրում զինվորականների պակաս էր նկատվում, եւ կայսրը կարծում էր, որ դրա գլխավոր պատճառը ամուսնություններն են, քանի որ հռոմեացի տղամարդիկ ավելի շատ մտածում են իրենց ընտանիքի, քան հայրենիքի մասին։ Եվ իր զինվորականների ոգին բարձր պահելու համար կայսրը արգելում է նրանց ամուսնանալ։ Սակայն զինվորները չէին դադարում սիրահարվել եւ գտնվում է մեկը, ով գաղտնի պսակադրում է սիրահարներին. նա քահանա սուրբ Վալենտինն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Հավանաբար նա շատ ռոմանտիկ անձնավորություն էր, քանի որ նրա ամենասիրված զբաղմունքը երիտասարդներին օգնելն էր սիրային նամակներ գրելու հարցում։ Բնականաբար, երբ այդ մասին տեղեկանում է կայսրը, Վալենտինը դադարեցնում է իր «հանցավոր գործունեությունը»։ Վալենտինին որոշում են մահապատժի ենթարկել։ Այս իրավիճակում բոլորին ցնցում է նաեւ այն փաստը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի դստերը եւ մահապատժից մեկ օր առաջ նա իր հրաժեշտի նամակն է գրում աղջկան, որում պատմում է իր սիրո մասին եւ ստորագրում այն «քո՝ Վալենտին»։
Հետագայում, Վալենտինը դասվում է սրբերի շարքում, իսկ 496թ-ին Հելասիուս 1-ը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։
Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ մենք ընտրել ենք տարբեր ժանրերի սիրային երգեր։ Հավանաբար, շատերը ձեզ ծանոթ են եւ հուսով ենք, որ մեր ընտրությունը ձեզ դուր կգա։
Եվ իհարկե, առաջարկում ենք կիսվել մեզ հետ եւ ներկայացնել ձեր սիրելի ու նախընտրելի սիրային երգերը, որոնք կարելի է լսել Սուրբ Վալենտինի օրը։