
I
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը՝ Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․
IIREPORT THIS AD
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»
Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։
Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։
III
Մի երկու տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։REPORT THIS AD
Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։