Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:
Рубрика: Մայրենի
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Եղիշե Չարեցի մասին
- Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած[1]։
- Մեծերը փառքի հետևից չեն վազում։ Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում[2]։
- Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
Այժմ կեսօր է արդեն,- ժա’մ է դառնաս իմաստուն[3]։ - Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում[3]։ - Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։ - Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա[4]։
- Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա։ Սա է հիմնականը[4]։
- Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը։ Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ[4]։
- Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել[5]։
- Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը[6]։
- Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին… Որպես օրինակ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով[6]…
- Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով[6]։։
- Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ[6]։
- Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ… Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն[6]։
- Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը[6]։
Քաղվածքներ Չարենցի մասին[խմբագրել]
- Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն։ Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է։
…Չարենց անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը: Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ… Չարենցը լեգենդ էր[7]…
- Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»: Երբեք բերանացի չեմ սովորել՝ պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթ, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»: Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է։ Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես, որովհետև իրենց ծավալով, մոնումենտալությամբ հանդերձ դրանք կյանքը ներկայացնում են այս կամ այն մասշտաբով։ «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։ Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է։ Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել[8]։
- Այսօր, հատկապես առայժմ, գոնե Եղիշե Չարենցն՝ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ[7]։
- …Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորությամբ, ըմբոստ ու եռուն։ Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպելը» և «Տաղարանը»… «Ես իմ անուշ Հայաստանին»[7]։
- …Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված՝ հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է[7]։
- …Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա։ Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ[7]։

- Չարենցն անպայման տաղանդ է, նա բարձրանում է, ավելի խոշոր ու մեծ դառնում[7]։
- …Մեր գրականությունը իսկապես առաջ շարժող գրողները քիչ են հայտնի։ Հիշենք Չարենցին։ Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Միության մասշտաբով այդ խոշորագույն բանաստեղծը գրեթե անծանոթ է ռուս ընթերցողների լայն շրջանին[7]։
- Չարենցը ուժի բանաստեղծ էր։ Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար հավասար էին մահվան։ Այդ պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը։ Նա, ինչ խոսք, կառուցել է նաև վանքեր ու բերդեր։ Բայց, ընդհանրապես, նա շինարարն է ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԻ։ Ընստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքն իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն։ Այս իմաստով՝ նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթ»-ի մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն։
Մոցարտյան կամ պուշկինյան բնավորության տակ ընդգծելու համար ասենք նաև, որ Չարենցը ՇԱՏ ԷՐ ՏԱՐԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՇԱՏ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԵՑ ՕՐԵՐԻՆ: Ժամանակի նախօրինակ անզգացողությունը հատուկ է միայն նրանց, ովքեր հենց իրենք մարմնավորված ժամանակ են[9]:Պարույր Սևակ
- Եղիշե Չարենցը՝ ղարսեցի այդ գանգրահեր թխաչյա տղան, հասնելով լիրիկայի ամպամերձ բարձունքններին, իր յուրաքանչյուր տողով, իր սրտի յուրաքանչյուր թելադրանքով պատկանում է հարազատ հայ ժողովրդին։ Լինելով մեծ Հոկտեմբերի զավակ, նրա զինվորն ու բանաստեղծը՝ Չարենցը պատկանում է հայրենիքի բոլոր ժողովուրդներին, ամբողջ աշխատավոր մարդկությանը։ Չարենցի զրնգուն բանաստեղծությունները կհնչեն անդադար[9]։
Ա. Սուրկով
- Վառվեց ու գնաց։
Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը[9]:Խաչիկ Դաշտենց
- Հայ ժողովուրդը դարեր է ապրել, որ Չարենցի նման հսկա է երկնել[9]։
- …Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես։ Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ[9]։
- Նա բազում գետեր ու առուներ է ընդունել իր մեջ և վերածվել է մի վիթխարի ջրվեժի, որ կոչվում է Չարենց։ Նա համագումարն է արևելահայ, ռուսական, ապա համաշխարհային պոեզիայի լավագույն տրադիցիաների։ Այս ամենով հանդերձ Չարենց է, գրական շեշտված, մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ[10]։
- Եղիշեն նրանցից է, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։
Եղիշեի նման հոգիները ասուպների նման են, գալիս են անհայտության խորքերից և մի կարճ րոպե շանթարձակ լույսով ողողելուց հետո իրենց ճանապարհը անհետանում են նույն հեռուներում, որտեղից եկել են: Նման տեսնողներից էր Դանթեն[11]:Վահրամ Փափազյան
- …Չարենցը, Չարենցը…
«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»…Անոր չհանդիպած՝ արդեն գիտեի իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատեմ մոր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանող աղոթք մը[11]:Վիլյամ Սարոյան
- Նա ապրում էր մեր ժամանակակիցների հետ և մեջ… Բայց միաժամանակ նա նրանց մեջ միակն էր, որ ապրում էր նաև ապագայում և անցյալում։
Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում:Հեղափոխությունը նրա համար ոչ թե կեցվածք էր, ինչպես շատերի համար, այլ պարզապես կեցություն[12]:Պարույր Սևակ
- …Մեծ բանաստեղծի ստեղծագործական ուղիները երբեք նման չեն քանոնով քաշված ուղիղ գծերի։ Այդ ճանապարհները ամենից ավելի հիշեցնում են հորիզոնով ձգվող լեռնաշղթաների վայրիվերումները՝ կատարներ, խորություններ ու անդունդներ։
Եղիշե Չարենցի ստեղծագործական լեռնաշղթայում այդ կատարներն ու խորությունները, թռիչքներն ու անդունդները շատ են ընդգրկված[12]:Վահագն Դավթյան
- …Քնքշությունը Տերյանի, Թումանյանի սիրտը մեծ,
Վեհ քնարը Պուշկինի, Մայակովսկու խոսքը,-Դու ձուլեցիր քո սրտի քուրայի մեջ, հրի մեջ,Կռելով մեր դպրության ազնիվ մետաղը մաքուր[11]:Վահրամ Ալազան
- …Չարենցը մեռած — ո՛չ բարեկա՛մ —
Չարենցը լույս է, ոգի ու սեր,Չարենցը ձայն էՈւ խոսքի հորդող գետ է անեզր,Չարենցը սիրտ է հրակարմիր,Սրտի տրոփ է մրրկահարվող,Չմարող բոց է արարչագործ[11]:Գառնիկ Ադդարյան
- Չարենց մեծագույն դեմքերեն էր մեր ազգային բանաստեղծության և մեծագույն քերթողն էր Խորհրդային Հայաստանին, այնքան ջերմ հայրենասեր, որքան համոզված համայնավար հեղափոխական երգիչ[12]։
- Չարենց այն նոր գրողն էր, որ ցեղային ու համամարդկային ձգտումներն ու աշխարհայացքները կուզե իր գործին մեջ միացնել։ Կարելի է ըսել, որ այդ կարգի հայ գրողներուն ամենատիպիկն է[12]։
- Մեր առջը մի գործ է («Երկիր Նաիրի»), որը ստեղծված է գոգոլյան ռիթմով. եթե պոեմ, համենայն դեպս, էպոս, որը հայ գրականության համար բացառիկ գրական նշանակություն ունի[12]։
- Ինձ թվում է, որ խորհրդային գրականության, խորհրդային պոեզիայի առաջին հիմնադիրների մեջ է նա՝ մեծատառով գրվող այդ բանաստեղծը։ Նրա խիստ ուժեղ տաղանդը երևում է և՛ կերպարի կերտման, և՛ թեմայի լայնության, և՛ նրբարվեստ լիրիկայի, և՛ իր Նաիրի երկրի անցյալի ու ապագայի մասին արած խորհրդածությունների մեջ[13]։
- Նրա բանաստեղծական բերքը հիանալի է։ Նրա բանաստեղծություններն ու արձակը, իրավամբ, մտան համաշխարհային գրականության մեջ[4]։
- Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք է՛լ ավելի ենք սիրում դրանք…
Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահպանի իր երիտասարդությունը[4]:Իլյա Էրենբուրգ
- Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-1937 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին[14]:Ռեգինա Ղազարյան
- Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։
- Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին։ Նաիրին ծնեց Չարենցին։ Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը։ Ժայռակոփ պատկերներ և սեպգրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծավ ցավերի մեջ։ Սիրտը մղկտաց։ Բարձրացրեց գլուխը՝ տեսավ շողացող Արևը։ Հուսադրվեց։ Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է։ Թինդ առավ։ Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց։ Բարձրացավ ժամանակի սամումը, երկինքը սևակնեց ու բոցավառվեց։ Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան… Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն… Ո՞վ գիտե։
- Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում… Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։
- Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է։ Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքով գրված բան գոնե ես չեմ հիշում։
- «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։
- Չարենցն այն երևույթներից է, որոնց մոտից անտարբեր անցնելը նախ մեղք է, և հետո, վերջապես, հանցանք։ Իսկ ես մեկից ավելի պատճառներ ունեմ չկարենոլւ անբարբառ անցնել Եղիշեի մոտից, մանավանդ, երբ այդ երջանիկ օրերի հիշողությւոնը ծանրանում է գրչիս ծայրին։ Եղիշեի կյանքի ընկերը չկարողացա լինել. բուռն էր նրա ապրելակերպը և դրանով ներհակ իմ ըմբռնած կենցաղավարության ձևերին, բայց եղա նրա ստեղծագործության ընկերը, որովհետև չէր կարելի մի սիրտ ունենալ և չզգալ ու չենթարկվել նրա լայնաշունչ բանաստեղծությանը, թեև երբեմն ուլրտա-ժամանակակից, բայց երբեմն էլ Եզեկիելի մարգարեությունը հիշեցնող բիբլիական շեփորումին, որի համատարած նվագը թե’ մեռնող անցյալի հուսահատ կանչը եղավ և թե’ նոր ծագող վաղվա ուրախության աղաղակը։ Եղիշեն գրել էր մի փոքրիկ թատերգություն, ավելի շուտ մի քաղաքական պամֆլետ, որի կարճ տողերում և փոքրաթիվ էջերում կարողացել էր ամփոփել իր ժամանակի շունչը, երբեմն հասնելով նույնսիկ Արիստոֆանի ամեն ինչ ձաղկող հումորին, ամե’ն ինչ բուժող Ռաբելի ծիծաղին, ամե’ն դիմակ պատռող Դանթեի ակնարկին… Այդ պամֆլետը կոչվում էր «Կապկազ թամաշա»: Եվ 1926 թատերաշրջանում, Թիֆլիսի Հայկական Դրամատիկ բեմի վրա ինձ վիճակվեց բեմադրել այդ գործը և ինքս անձնավորել այդ գործի գլխավոր կերպար՝ Ղարայի դերը։ Ահա այդ կարճատև փորձերի ընթացքում ճանաչեցի ու հասկացա Չարենցին։ Մեր ազգի մեծագույն ու արժեքավոր մի հատվածի կործանումին ականատես այդ մարդը՝ աշխարհասասան մի ցասումի համառ կուտակումն էր, ինչպես և չտեսնված մի վրեժի ամենակործան պոռթկումը։ Քիչ է պատահել ինձ որևէ գործի վրա աշխատել հեղինակի ներկայությամբ, ինչպես և նրա մասնակցությամբ։ Եվ ահա այդտեղ, խաղարկելիս գործը կամ այն վերլուծելիս, ակամայից խուզարկեցի ու վերլուծեցի բանաստեղծ բարեկամիս սիրտը, մի ավելորդ անգամ ևս զարմանալով կենսունակության վրա բազմաչարչար ժողովրդիս, որ իր բազմադարյան գոյոթւյան ընթացքում կարողացել է միշտ ծնունդ տալ իր հավաքական պոռթկումը աշխարհիս չորս ծագերին խոսող բանաստեղծների։ Չարենցի նման մարդիկ եթե գնում են էլ՝ մնում են մի՛շտ։
- Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։
Վահրամ Փափազյան
Մեծ Պահքի մասին
Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր զգեստներով: Նրանք Քրիստոսի անուշ բուրմունքն են՝ ըստ Պողոսի խոսքի. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջև» (Բ Կորնթ. Բ 15):
Արդ՝ Բուն բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը դեպի մեր հայրենին՝ ըստ հոբելյանի օրենքի (տե՜ս Ղևտ. ԻԵ 10): Բուն բարեկենդանը ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանզի մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:
Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու: Սա վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Այդպես էլ այսօր մեզ համար կան մարմնավոր կերակուրներ, քանզի առջևում մեզ երկար պահք է սպասվում: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:
Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն: Բարեկենդանը խորհրդանշում է նաև Դրախտի կյանքն առանց որևէ կարոտության, իսկ պահքն այս կյանքի կարոտություններն է խորհրդանշում:
Եվ դարձյալ՝ բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն տեսակ բարիքների, ինչպես որ պահքից մարմինն է նվազում:
2020թ. «Մեծ Պահքի» սկսվում է փետրվարի24-ից։
Զատիկի տոնի մասին
- 1. ԶԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ և ԶԱՏԻԿԸ ՄԵՐ ՏԱՆԸ Էլեն Բաբայան, 4-2 դասարան
- 2. ԶԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ ԿԱՍԵՄ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆ… Զատիկի օրը ձու են ներկում, ձվակռիվներ խաղում և այլ ՚ժողովրդական խաղեր: Ինչու՞ են Զատկի օրը ասում՝ <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>, իսկ մյուսները պատասխանում՝ <<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>. այն պատճառով¸ որ այդ օրը Քրիստոսը հարություն է առել: Զատկի օրը մարդիկ գնում են եկեղեցի, մոմ վառում¸ բայց եկեղեցի մոմ վառելու համար վառելիք ընդունված չէ տանել:Եկեղեցում մոմ վառելուց հետո մարդիկ մոմը ձեռքում բռնած գնում են տուն՝ Զատիկ նշելու:
- 3. ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԶԱՏԻԿԸ Մեր ընտանիքում բոլոր անդամները զբաղված են լինում Զատիկի օրը.` մայրիկս համեղ զատկական ուտեստներ է պատրաստում¸հայրիկս զբաղված է լինում գնումներով¸իսկ ես և իմ եղբայրը`Վռամը¸ ներկում ենք ձվիկները և միասին զատկական հանելուկներ¸ շուտասելուկներ ենք հորինում: Ահա մեր հանելուկներից մեկը` <<Կարմիր- կարմիր է նա¸ ունի վրան սև պուտիկներ¸ այն միջատ է¸բայց իր անունով մի տոն էլ կա>>:Այդ հանելուկի պատասխանը ինքներդ գուշակեք: Իսկ հիմա մեր հորինած շուտասելուկներից մեկը`<<Կարմիր հատիկ իմ զատիկ¸ իմ զատիկ կարմիր հատիկ>>: Մեր տան խոհանոցից անուշ-անուշ հոտեր են գալիս մայրիկիս պատրաստած ուտեստներից:
- 4. ՎԵՐՋ, ԲԱՅՑ Ո՛Չ, ԱՄԵՆԱՎԵՐՋ…
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։
Բարե կենդանի մասին
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Չնայած ամենուր դեռ ձյուն էր, ցուրտ, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին:
Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմը: Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էին կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` թե ով ավելի մեծ կորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը մի քար էին դնում և, փոխանակ ճոճելու՝ պտտեցնում էին, թոկը ոլորում, որը հետո բաց թողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգից վայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց հետո, քարը նորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ՝ բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային: Տարոնում բարեկենդանյան խաղերից վերջինը «կշռեցուկ»-ն էր: Առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ նստելով` կշռվում էին ընկերներն ու ընկերուհիները` մյուս տարվա Բարեկենդանին իմանալու, թե «իրենց կյանքից անցնող տարին, որը պատված էր հոգսերով, որքա՞ն էր հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել իրենց անձը»:
Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում էին գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի…»,- այսպես էր ավարտվում Բարեկենդանը Ջավախքի պահպանողական հայերի մոտ:
Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Պարում էին ինչպես զուռնա — դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին:
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին): Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն: Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էինծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա» և այլն):
Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի տոնը: Այդ օրերին հայոց տարբեր ազգագավառներում հաճախ էին ներկայացնում Ավարայրի ճակատամարտի որևէ դրվագ:
Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ են` անճանաչելի կերպով դիմակավորված: Խմբում մեկն առանձնանում է հումորով, ճարտարախոսությամբ: Խումբը գալիս է մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: «Խնամախոսները» սկսում են բանակցությունները, խաղի մեջ ներքաշվում են տան անդամները: Խնամախոսները խնդրում են իրենց ներկայացնել «հարսնացուին»: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն: Զավեշտացույցի ժամանակ նյութը ծավալվում է, դուրս գալիս խնամախոսության շրջանակներից, միմյանց հումորով լուրեր են հաղորդում, չարախոսում ուրիշներից: Խաղի պայմանն այն է, որ ներկայացման ընթացքում հնարավորին չափ շատ զվարճախոսեն իրական կյանքից, սակայն դերակատարները պիտի չճանաչվեն տանտերերից: Զանգեզուրում այդ խաղի տարբերակներից մեկն էր «Հարս»-ը: Բոլոր դերերը այս դեպքում կատարում էին տղաները: Նրանցից մեկը հագնում էր կնոջ ու տղամարդու խառը հագուստ և կատարում փեսայի դերը: Մյուսը հարսի հագուստով էր: Հարս ու փեսային ուղեկցում են նվագածուները: Նվագում են հիմնականում շվի: Ծափերի, աղմուկ-աղաղակի տակ հարսն ու փեսան պարելով շրջում են փողոցներով, ապա մոտենում են որևէ մեկի տանը: Աղմուկից տնեցիները դուրս են գալիս:
Որոշ ժամանակ պարելուց հետո ուղեկցողներից մեկը փայտի թրով խփում-«սպանում» է հարսին կամ փեսային:«Սպանվածը հարություն է առնում» միայն այն ժամանակ, երբ տանտերերը նրանց համապատասխան մթերք են տալիս` ձու, ալյուր, պանիր, կաթի սեր, միս և այլն: Խումբը շարունակում է իր այցերը` հաճախ ստվարանալով յուրաքանչյուր հանդիպումից: Բարեկենդանին խաղացվող թատերական զվարճախաղերից մեկը, սակայն, խիստ ընդհանրացած էր Հայաստանի բոլոր գավառներում: Դա «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի»(դատավոր) և այլ անուններով հայտնի ներկայացումն էր, որի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր:
Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Այդ օրն ամեն թաղում կարող էր լինել մի քանի «թլխաղիր»: Զբոսապտույտից հետո «թլխաղիրը» տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում: Ենթադրվում է, որ ծեսը «թլխաղիր» կոչվում է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է: Երեկոները, ուրախության թունդ պահին, հանկարծ լսվում են կենդանական անճոռնի ձայներ: Դուռը բացվում է, ներս է ընկնում այլանդակ մեկը` երեսը ալյուրի կամ մրի մեջ կորած, այծի մորթուց մեծ մորուք շինած, խայտառակ ձևով մորթիներից շորեր հագած, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, զանազան թռիչքներ անելով՝ հարձակում է գործում ուրախացողների վրա: Բոլորը թե ծիծաղում են, թե` վախենում այդ այլանդակ մեյմունից: Երեխաները, սաստիկ երկյուղից սրտաճաք լինելով, լալիս են, ամուր կպչում մայրերի կրծքին և գլուխները թաքցնում նրանց թևերի տակ: Բոլորը տեղերից վեր են թռչում, իրար են խառնվում: Եվ վերջապես մեյմունը, տանտիրոջից իր նվերն առնելով, իր բազմաթիվ ընկերների հետ գնում է ուրիշ տեղ: Մեյմունները (մեկ այլ տեղ նրանց անվանում են «Նոզայ») ներկայացնում են կամ պառավ սատանա, կամ անճոռնի հրեշ, կամ տգեղ ուղտ, կամ սարսափեցնող շվոտ, կամ դև, կամ մի ուրիշ բան: Կատակով խաղում էին գոմշակռիվ, աքլորակռիվ՝ նմանակելով իսկական գոմշակռիվներին ու աքլորակռիվներին: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:
Երկու ուժեղ մարդ, մեկը` առջևում, մյուսը` ետևում, ուսերի վրա էին առնում երկու հաստլիկ ձողեր և ամբողջովին փալասով ծածկվում: Քրջերից շինված, կարկատված ուղտի գլուխ էին ձևում և ամրացնում մի բարակ ձողի վրա, որը առջևի մարդը հեշտությամբ կարող էր կրել իր ձեռքին: Սրանց վրա հեծած ուղտապանը, որի երեսը խատուտիկ ներկվում էր, հագնում էր ցնցոտիներ, գլխին դնում քրջե փաթթոց և ձեռքը երկար, բարակ ու ցեխապատ մի ձող էր առնում: Առջևից ուղտի սանձը քաշող մի պատանի էր լինում` նույնպես սև ներկված երեսով ու ցնցոտիներով փաթաթված: Սրանց առջևից գնում էին նվագածուները: Փողոցներով անցնելիս ուղտը և հետևող թափորը կանգ էր առնում մսագործի ու նպարավաճառների խանութների առջև: Ուղտապանը երկարում էր իր ցախոտ ձողը դեպի միսը, դեպի ցուցադրված ապրանքները և պահանջում` առնելով իր ուզածները: Ճանապարհին ուղտին և ուղտամարդկանց գինի էլ էին հրամցնում: Ուշագրավ էր ուղտապարը, որը կատարվում էր հաճախակի քացիներ տալով:
Ախալքալակի Փ, Խանչալի գյուղում երկու կամ երեք երիտասարդ տղաներ, ուղտ ձևանալու նպատակով, իրար կոնքից բռնում, կռանում էին: Սապատը ձևացնելու համար նրանց մեջքին մի փոքրիկ կողով էին դնում ու հին վերմակով ծածկում: Ապա այդ բոլորի վրա, բուրդը դեպի դուրսն արած, գցում էին ուղտագույն մուշտակներ: Կռացողներից առաջինը վերցնում էր երկարաթաթ մի կացին և մտցնում մուշտակի թևերից մեկի մեջ: Կացնի պոչով ձևացվում էր ուղտի պարանոցը, իսկ թաթով` գլուխը: Մուշտակի թևաբերանը մի փոքր կախ էին թողնում, որը ներկայացնում էր ուղտի կախ ընկած շուրթը: Այնուհետև զանգը կախում էին ուղտի պարանոցից, որպեսզի այն հեռվից հեռու ահազանգեր նրա գալուստը: Ուղտը տեր էր ունենում, ով պարանով սանձում էր և առաջնորդում տնից տուն: Այս ձևով նա մուտք էր գործում գյուղի հատկապես այն տները, որտեղ գիշերային խնջույք և տնային խաղեր կազմակերպած ունևոր ընտանիքները, համախմբված մի տեղ, «բարեկենդան-փոորեկենդան» էին անում:
Տիրոջ կողմից առաջնորդվելով գոմի օդաները, ուղտը (առջևի դերակատարը) ուղտանման կառանչում էր և, գլուխն ու պարանոցը զանգով ճոճելով աջ ու ձախ, ահազդեցիկ ձևեր էր անում: Նրա մուտքը իսկույն շեղում էր տվյալ ընտանիքի ժամանցի եղանակը: Երեխաները սարսափահար ընկնում էին մեծերի գիրկը: Կանայք ճչում էին, երբ ուղտը փորձում էր իրենց կծել կամ երեխա «կուլ տալ»: Պատանիները երգեցիկ ձայնով ասում էին.
Մուկն անկաջ ունի,
ուղտը չունի՜,
Մուկն անկաջ ունի,ուղտը չունի՜…
Եվ, որովհետև ուղտը «հասկանում» էր նրանց այդ արհամարհական խոսքերը, կառանչում, հարձակվում էր նրանց վրա ու ահաբեկում էր: Ուրախ ծիծաղը և ահաբեկման աղաղակները խառնվում էին իրար: Ուղտը տիրոջ հետևյալ երգով ուղտապար էր խաղում` ճոճվում էր, զանգ էր զնգացնում, առաջ էր գալիս ու ետ գնում:
Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜.
Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜:
Ուղտախաղը տևում էր 10–15 րոպե, որի համար ուղտատերը, նախապես պայմանավորված լինելով, տանտիրոջից որևէ նվեր էր ստանում: Երբ ուղտախաղը գյուղում ավարտվում էր, դերակատարները հավաքած միջոցներով խնջույք էին կազմակերպում: Տարոնում Բարեկենդանին փայտե ձի էին պատրաստում և, համապատասխան զարդարանք տալուց հետո, խմբով շրջեցնում էին գյուղի մեջ: Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ «փակ» թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային: Հոգևորականները նույնքան, որքան աշխարհականները, ենթարկվում էին բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը: Վանքերում այդ օրերը կոչվում էին Աբեղաթողի օրեր: Ստ. Մալխասյանցի ստուգաբանությամբ` բառը կազմված է «աբեղա» և «թողուլ» (թողնել, արձակել) բառերից և նշանակում է աբեղաների թողություն, արձակում վանական խիստ կյանքի կանոններից: Ազգային հինավուրց տոնը այդպես է կոչվել քրիստոնեության հաստատումից հետո, որով հայ եկեղեցին խստակենցաղ հոգևորականների համար սահմանել է որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն–յուղեղեն–կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլ հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանվորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին կամ Ակլատիզը (Ախելուծ, Ախալոճ, Ախըլոջ, Ախացել, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպապ, Պապի պուլուլ, Որոջբեկ, Ֆռիկ): Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.
— Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:
Կարնո հայերի մոտ այդ տիկնիկը ծերունու տեսքով էր: Այն պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ-մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը` յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախվում: Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ-մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում: Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.
— Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս:
Յոթ փետուրները, որ Մեծ պասի յոթ շաբաթներին էր համապատասխանում, յուրատեսակ օրացույցի դեր էին կատարում, յուրաքանչյուր շաբաթվա վերջում մեկ փետուրը հանվում էր: Շատերն ամեն շաբաթվա փետուրը հանելն ուղեկցում էին բնորոշ երգերով: Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին «ճիճու, ճիճվարանքը` դուրս, ցորեն, գարին` ներս» և ջարդում ու մի կողմ էին նետում փետուրը: Ամենուր Ակլատիզ-Պաս պապին հատկացվում էր պասը հսկող դեր: Նա շարունակ ճոճվում էր կրակի, ծխի և օդափոխության շնորհիվ: Թելը պտտվում էր մեկ`մի, մեկ` մյուս ուղղությամբ, այդ պատճառով էլ Սասունում այն կոչվում էր «ֆռռիկ»: Նրանով վախեցնում էին երեխաներին, որ հանկարծ սրանք Ուտիսի կերակուրներ չուտեն: Զանազան պատմություններ էին պատմում Ուտիս տատի և Պաս պապի հակադրությունների մասին, որն արտահայտվում էր նրանց մշտական վեճով: Ըստ լոռեցիների Պաս պապը լոբոճաշի մեծ շերեփով խփում էր տատի (Ուտիսի) գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի մսեղեն կերակուրներով է կերակրում և հոգին տկարացնում գեր մարմնի մեջ: Իսկ պասի վերջում ուրախ և առույգ տատն էր գալիս ու, մածնի յուղոտ շերեփով խփելով Պաս պապի գլխին՝ դուրս անում նիհար, չորացած պապին: Այնթապցիները, ովներք փետրազարդ սոխը կոչում էին Խուճուճիկ, Մեծ պասի վերջին օրն այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց պատկերացումների սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն ամբողջովին` թռչուն, որ թռչում-գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով: Մեծ Պասի հենց առաջին օրն ամեն տուն թխում էր յոթ անալի բաղարջ` ի նշան պասի յոթ շաբաթվա: Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում է, և այսպես շարունակվում է քառասնօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Մեծ Պահքի (պաս) ամեն կիրակին ուներ իր առանձին տոնատերը: Առաջին կիրակին նվիրված էր Արտաքսմանը, երկրորդը` Անառակին, երրորդը` Տնտեսին, չորրորդը` Դատավորին, հինգերորդը` Գալստյանը, վեցերորդը` Ծաղկազարդին և յոթերորդը` Քրիստոսի հարությանը: Պասի ընթացքում կենդանական ծագում ունեցող սնունդ չէին ուտում, այլ միայն բուսական:
ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐ
Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան, նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար՝ մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրան ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ՝ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով՝ կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ

I
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը՝ Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․
IIREPORT THIS AD
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»
Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։
Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։
III
Մի երկու տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։REPORT THIS AD
Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։
ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ
I
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Նրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թռչում քարերի գլխով,
Փրփուր է թքում անզուսպ երախով,
Թքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նրա գոռոցն ահռելի
Ու կրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շնչում է, ապրում և մութն և ահեղ։
Էն տախտի վրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գլխին հսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,
Նայում է ձորին մի հին խաչարձան։
II
Էն ձորի միջին ահա մի տնակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գնացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շնալի՞ր չկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թթվել։
III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հսկա հասակին,
Ո՜նց է մեկնվել։ Ասես ահագին
Կաղնքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նրա փարախից։
Ու իրեն նման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շհուն ու պկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խնդում միալար․․․
IV
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տված
Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հնչեցին նորից.
― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Ու խոլ պատկերներ տգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ստվերների պես,
Չար ժպիտներով ժանտ ու սևերես․․․
V
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,
Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մնչոցն էր այն,―
Սաքոյին թվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վրա,
Կանգնեց ու լռեց․․․
Ականջ դրավ նա․․․
VI
― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դռան ետև․․․
― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լռել, ձեն չես հանում․․․
Պատասխան չկա․ լռության միջում
Ձորագետն է միայն մրափած վշշում։
― Հա՜, իմացա, Գևոն կլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
Ձեն — ձուն չկա։
Միայն ահավոր լռության միջում
Ձորագետն է խուլ, մրափած վշշում։
Եվ ո՞վ կլինի զարթուն այս ժամին․
Քնած է աշխարհ, քնած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քնած,
Վխտում են ուրախ՝ ձորերը բռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կգտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
Աչքերը հանգչող կրակին հառած՝
Ծանր է շնչում հովիվն ահ առած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կրկին թեթև, կամացուկ
Դռան ետևից փսփսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Սաքոն շարժվեց փշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լցվեց,
Տունը լցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հռհռոցով․․․
VI
Ահռելի ձոր է։ Մի կտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
Չարքերը ընկած նրա ետևից,
Հերարձակ խմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,
Զարկում են, զարկու՜մ օձի մտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճչում են, կանչում ծանոթ ձայներով.
― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․
Ես էլ ազիզ բարեկամ․․․
VII
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Այնինչ Դեբեդից ալքեր են թռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծփում են կայտառ՝
― Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․
